«Խпրը հпւասթափություն шպրեցի». Իռա Հարпւթյունյան

Դերասանուհի Իռա Հարությունյանը 5 տարվա ընդմիջումից հետո սեպտեմբերին վերադարձավ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, որտեղ, սակայն, վերջին ամիսները բարդ էին։ Գեղարվեստական ղեկավարի ընտրությանը հաջորդեց նոր տնօրենի նշանակումը։ Այս փուլերը թատրոնում հարթ չանցան, թեև արդեն անցյալում են։ Tert.am Life-ն Իռայի հետ զրուցել է ամիսների պայքարից հետո թատրոն վերադառնալու, ունեցած հիասթափությունների և գործունեության այս փուլի մասին։

Իռայի վերադարձը հեշտ չտրվեց, քանի որ դերասանուհուն միանգամից հետ չընդունեցին հարազատ թատրոն։ Այնուամենայնիվ, նա պայքարեց ու հիմա թատրոնի դերասանական կազմում է։

Իռան ասաց, որ վերականգնվել է այն ներկայացումներում, որտեղ նախկինում զբաղվածություն ուներ։ «Հիմա նորից փորձեր ենք անում։ Քանի որ ես լավ հիշողություն ունեմ, տեքստերը վերհիշելն ինձ համար բարդ չէ»,- նկատեց նա։

Ռուսական թատրոնի գեղարվեստական նոր ղեկավարը՝ Կարեն Ներսիսյանը, այս փուլում բեմադրում է «Ռոմեո և Ջուլիետը»։ Իռան այստեղ զբաղվածություն չունի, բայց չի սրտնեղում։ Նա նկատեց, որ յուրաքանչյուր ռեժիսոր իր մոտեցումն ունի, այնպես չէ, որ բոլոր դերասանները պետք է զբաղվածություն ունենան բոլոր ներկայացումներում։

Դերասանուհու խոսքով՝ պայքարից հետո թատրոն վերադառնալուց հետո որոշակի հիասթափություն է ապրել. «2013-ին ես բոլորովին այլ թատրոնից էի հեռացել։ Վերադարձա, ամեն ինչ այլ էր՝ մարդկանց վերաբերմունքն իրենց աշխատանքին, ներկայացումներին։ Շատ խորը հիասթափություն ապրեցի, բայց հուսով եմ՝ թատրոնում ամեն բան կվերականգնվի»։

 Այժմ թատրոնի տնօրենի ժպ է նշանակվել Յուրի Իգիթխանյանը, որի հետ Իռան ընկերական հարաբերություններ ունի։ Ասում է՝ որպես մարդ շատ է գնահատում Յուրիին, հուսով է՝ նա կհաջողի նաև որպես ղեկավար։

«Երկար տարիներ է, ինչ ճանաչում եմ Յուրիին։ Ոչ միայն լավ դերասան է, այլև շատ պատասխանատու, կազմակերպված, չափազանց ազնիվ մարդ է։ Իմ վերադարձից 2 ամիս անց նա էլ վերադարձավ թատրոն՝ որպես PR մենեջեր։ Մենք երբեք չէինք ունեցել նման մասնագետ, մինչդեռ կարիքը զգացվում էր, հատկապես մեր թատրոնում, քանի որ այն ռուսալեզու է և ունի իր սպեցիֆիկան։ Յուրին մեծ եռանդով սկսեց աշխատել այդ պաշտոնում և բավականին արդյունավետ աշխատանք տարավ։ Տնօրենի պաշտոնում մի քանի օր է, ինչ նշանակվել է։ Այս դիրքից իր աշխատանքի մասին խոսել դեռ չեմ կարող, բայց մեծ հույս ունեմ, որ կհաջողի»,- ասաց նա ու նկատեց, որ հիմա դժվարին ժամանակներ են ապրում։

Թատրոնի նախկին տնօրեն Ֆրեդ Դավթյանը պաշտոնի հետ թողել է նաև դերասանի աշխատանքը։ Իռայի խոսքով՝ սա մեծ հարված էր թատրոնին. «Մի շարք կարևոր ներկայացումներում նա կարևոր դերեր էր խաղում, նրա հեռանալը չէր կարող աննկատ մնալ։ Շատ եմ ցավում, որպես դերասան, նրա հեռանալու համար, քանի որ իսկապես լավ դերասան է։ Դա ասում եմ որպես խաղընկեր։ Անկախ նրանից, թե որպես տնօրեն նրանից ինչ դժգոհություններ կային, անժխտելի է, որ որպես դերասան՝ նա թատրոնի հենասյուներից մեկն էր»,- ասաց Իռան ու հույս հայտնեց, որ ճգնաժամային վիճակից պատվով դուրս կգան։

Դերասանուհին այս փուլում զբաղված է նաև «Նռան հատիկ» հեռուստասերիալում։ Ասում է՝ գրաֆիկը հագեցած է և այլ նախագծով զբաղվելու համար ժամանակ գրեթե չունի, միաժամանակ նկատում է, որ լավ առաջարկ ունենալու դեպքում պատրաստ է ավելի շատ աշխատել։

Իռայի փոխանցմամբ՝ աշխատանքային զբաղվածությունից ընտանիքի անդամները չեն բողոքում։ «Մեր տանը սովոր են ինձ այսպիսի վազքի մեջ տենել։ Անսովոր էր հակառակը, երբ շատ ժամանակ էի անցկացնում տանը։ Երբ ես արդեն պատրաստ էի վերադառնալ ակտիվ աշխատանքի, ուզում էի լինել թատրոնում, բայց որոշակի խնդիրներ կային, ավելի վատ էր։ Դա անդրադառնում էր իմ հոգեվիճակի վրա, բնականաբար, անմասն չէր մնում նաև ընտանիքս։ Հիմա իրենք ուրախ են ինձ համար ու չեն սրտնեղում, որ տանը չեմ լինում։ Առավել ևս, որ ես շատ ավելի խիտ գրաֆիկով շրջափուլեր եմ ունեցել,- ասաց նա ու հավելեց, որ ազատ ժամ ունենալու դեպքում շտապում է տուն,- ազատ րոպե ունենալու դեպքում ընտանիքիս եմ հատկացնում։ Մեծ որդիս արդեն ինքնուրույն է, կրտսերն էլ մեծանում է և հասկանում, մայրիկը պետք է նաև աշխատանքի գնա»։

Աղբյուր՝https://life.tert.am

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*